«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մեկնակետ, որտեղից բարեկամությունըփոխարկվում է համագործակցության

Մեկնակետ, որտեղից բարեկամությունըփոխարկվում է համագործակցության
19.06.2009 | 00:00

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՔՅՈՆԻԳՍԲԵՐԳ
Քյոնիգսբերգ... ավելի ճիշտ` Կալինինգրադ, ճանապարհ դեպի Կալինինգրադ, մեկ միլիոն բնակչությամբ երկրամաս, որ աշխարհագրական տարածքով դեպի Եվրոպա Ռուսաստանի դարպասների դերն ունի: «Կալինինգրադի երկրամասը Ռուսաստանի քարտեզում կարևոր տեղ ունի` ինքնատիպ կամուրջ լինելով Արևելքի ու Արևմուտքի միջև, գործընկերության ու բարեկամության կամուրջ: Մեր խնդիրն է` տարածաշրջանը դարձնել իրական գործընկերության տարածք: Մենք ձգտում ենք ստեղծել բարենպաստ գործարար մթնոլորտ, որը հնարավորություններ է տալիս նոր աշխատուժի, նոր ներդրումների ներգրավման, արդյունաբերական ու գյուղատնտեսական մրցունակ ապրանքների արտադրության»` երկրամասի նահանգապետ ԳԵՈՐԳԻ ԲՈՈՍԻ խոսքերն են:
Հունիսի 18-19-ին Հայաստանում անցկացվում են Կալինինգրադի օրեր. նահանգի կառավարության, Զարգացման հայկական գործակալության աջակցությամբ Երևանում Մոսկվայի տանը անցկացվեց տնտեսական համաժողով, ներկայացվեցին երկրամասի արդյունաբերական, գյուղատնտեսական ներուժը, պատմամշակութային ժառանգությունը, համագործակցության ոլորտներն ու հնարավորությունները: Երկրամասի էկոնոմիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և ձկնարդյունաբերության նախարարները հայկական կողմին հանգամանալից պատմեցին իրենց ունեցվածքի, ձեռքբերումների և զարգացման ու համագործակցության տարբերակների մասին: Այդ ամենն իսկապես տպավորիչ է` երկրամասն ունի ընդհանուր սահմաններ Եվրամիության երկրների հետ, ծովային ուղիները խնդիր չեն` ուղիղ ելքեր Բալթիկ ծով, որը չի սառչում, և ատլանտյան ծովային ճանապարհ, նավահանգիստ, տրանսպորտային զարգացած համակարգ` հիանալի ճանապարհներ, փափուկ կլիմա և զբոսաշրջության զարգացման նախանձելի նախադրյալներ, բնական պաշարներ. միայն սաթի պաշարները գործնականում անսպառ են` Բալթիկ ծովն ուղղակի նվիրում է դարերով իր հղկած ու մշակած սաթը: 2006-ից երկրամասը հատուկ տնտեսական գոտի է, որը ներդրումների հիանալի պայմաններ է ստեղծում. 70 երկրներից ձեռներեցներ ներդրումներ են արել Կալինինգրադի երկրամասում: Նրանց գրավում է այն փաստը, որ հատուկ տնտեսական գոտում տնտեսական գործունեության առաջին 6 տարիներին լիովին ազատված են գույքահարկից ու եկամտահարկից, հետագա 6 տարիներին` 50 տոկոսով: Լավ զարգացած են գյուղատնտեսությունն ու ձկնարդյունաբերությունը, արդյունաբերությունը: Ազատ տնտեսական գոտին արդյունաբերության ու վերամշակող արտադրության զարգացման հնարավորություն է տվել: Անուշադրության չեն մատնված և նոր տեխնոլոգիաները: Նախարարները ցավով նշում էին, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն իրենց հնարավորություն չտվեց գրանցել ծրագրված առաջընթացը և առաջ անցնել հարևան եվրոպական երկրներից:
Հայաստանում Կալինինգրադի օրերի շրջանակում նահանգապետ Գեորգի Բոոսը հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ:
Մոսկվայի տանը կայացած համաժողովից հետո բացվեց նաև ցուցահանդես, որտեղ ներկայացված էին երկրամասի գյուղատնտեսական ու արդյունաբերական արտադրանքները և, իհարկե, սաթե հուշանվերների ճոխ ընտրանի:
Ասուլիսում պարոն Բոոսը կարևորեց համագործակցությունը հայկական կողմի հետ` նշելով, որ արդեն ձեռք են բերվել մի քանի պայմանավորվածություններ, որոնք կարող են վերաճել պայմանագրերի կնքման: Նրան ապրանքաշրջանառության 0 տոկոսը չի հուսահատեցնում, և վստահ է, որ կյանքն ավելին կանի, քան նույնիսկ պայմանավորվածություններն ու պայմանագրերը, որովհետև դա երկկողմանի շահավետ է ու անհրաժեշտ:
«Բազմաթիվ են համագործակցության հնարավորությունները տնտեսության տարբեր ճյուղերում, ուրախալի է, որ արդեն կան համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ», համաժողովի արդյունքները կարճ ամփոփեց ՀՀ ԱԱԽ քարտուղար ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոոսը պատասխանեց նաև «Իրավունքը de facto»-ի հարցերին։
-Ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը;
-Հայաստանը նախ և առաջ մարդիկ են, եղբայրական ժողովուրդ, որի հետ մեզ շատ բան է կապում` ոչ միայն պատմությունը (գիտեք, որ Քյոնիգսբերգի ազատագրումը գլխավորել է մարշալ Հովհաննես Բաղրամյանը), այլև պարզ մարդկային որակները` բարեկամությունը, սրտամոտությունը, հյուրասիրությունը, ընդհանուր հետաքրքրություններ ու շահեր գտնելու ցանկությունը: Ի վերջո, իմ երակներում հայկական արյուն է հոսում` ամբողջ 25 տոկոս: Իմ տատիկը հայ է` Աիդա Կարպովնան:
-Տատիկը հայկական ի՞նչ է սովորեցրել Ձեզ:
-Ինչ-որ բառեր, հայկական սովորույթներ ու ավանդույթներ, որոնք, ճիշտ է, փոքր էի, բայց լավ մտապահել եմ ու հիմա էլ գիտեմ: Կարող եմ հայկական ճաշեր էլ պատրաստել տատիկիս սովորեցրածով` աջաբսանդալ, չանախ, խաշլամա, խաչապուրի: Իհարկե, տատիկիս պատրաստածի համը չի ունենա, բայց ուտել հնարավոր է:
-Որտեղ` Կալինինգրադը, որտեղ` Հայաստանը։ Ի՞նչ փոխշահավետ համագործակցություն կարող է ձևավորվել` հաշվի առնելով մեզ բաժանող տարածությունը:
-Ես կարծում եմ, որ հնարավոր է: Արդեն գյուղատնտեսության ոլորտում պայմանավորվածություններ կան, որ պայմանագրի կարող են հանգեցնել: Տարածությունը` տարածություն, բայց այդպես մտածելու դեպքում համաշխարհային առևտուրը պիտի դադարեր: Կան, իհարկե, ինչ-որ ճանապարհներ, օրինակ` ծովային. մենք կարող ենք Հայաստան ապրանքներ բերել Թուրքիայի, Իրանի տարածքով: Կան խնդիրներ Վրաստանի հետ, բայց դրանք լուծելի խնդիրներ են: Մենք այնքան երկար ենք համատեղ ապրել, որ ստեղծված կապերը չենք կարող միանգամից ջնջել: Իմաստ էլ չունի: Մենք ունենք ընդհանուր պատմություն, ընդհանուր անցյալ և ընդհանուր ապագա կարող ենք ունենալ:
-Դուք հանդիպումներ եք ունեցել Հայաստանի նախագահի, վարչապետի, ԱԱԽ քարտուղարի հետ, ի՞նչ պայմանավորվածություններ եք ձեռք բերել:
-Ինչ-որ փոխադարձ հետաքրքրություններ են գտել ոսկերիչները, կահույքագործները, ի դեպ, կահույքագործությունը մեզ մոտ լավ զարգացած է, մենք մեր արտադրանքն արտահանում ենք այլ երկրներ, գյուղմթերքների փոխանակման ծրագրեր էլ են նախանշվում: Մշակութային կապերի մասին արդեն չեմ ասում. կրթության, գիտության ոլորտում մեր կապերը նոր չեն սկսվելու, սլավոնական համալսարանի հետ այսօր համագործակցության համաձայնագիր ենք կնքելու: Առողջապահության ոլորտում ևս փոխադարձ հետաքրքրություններ կան, նեյրովիրաբուժության, վիրաբուժության առումով այսօր մեզ մոտ եզակի վիրահատություններ են արվում, որոնց փորձը մեր բժիշկները կարող են միմյանց փոխանցել: Այսօր արդեն գործարկվել է մանկական «Արտեկի» շինարարության ծրագիրը, մեր մարզի տարածքում արդեն ունենք այս ծրագրի մի շարք գործընկերներ, և հիանալի կլինի, եթե Հայաստանն էլ միանա այդ ծրագրին, հետո հայ երեխաներն էլ կգան հանգստանալու Բալթիականի ափերին: Կարծում եմ` երեխաների բարեկամությունն ապագայի բարեկամության հիանալի երաշխիք է:
-Կալինինգրադում հայերը շա՞տ են:
-15000-ից ավելի: Նրանք կառուցել են իրենց մշակութային կենտրոնը, եկեղեցին, դպրոցը, թերթ են հրատարակում, իրենց ստուդիան ունեն, կալինինգրադյան հայերը լուրջ ներդրում ունեն երկրամասի տնտեսական ու քաղաքական կյանքում:
-Ի՞նչ ցանկությամբ եք հեռանում Հայաստանից:
-Ցանկություն բառը, թերևս, տեղին չէ, այ, եթե հարցնեք ի՞նչ զգացողությամբ, կասեմ, որ մեր տնից գնում եմ իմ տուն ու գիտեմ` ինչ-որ ժամանակ կանցնի, ու կվերադառնամ, որովհետև Հայաստանում ընկերներ ունեմ, բարեկամներ, որովհետև կարոտելու եմ Երևանին ու իր մարդկանց:
-Բարի ճանապարհ ու բարի վերադարձ:
Պարոն Բոոսը հարցազրույցը տալիս էր հայ և ռուս բռնցքամարտիկների մրցումների ժամանակ: Տարբեր քաշային կարգերի մանուկները լրջորեն մենամարտում էին միմյանց դեմ ու երազում էին, որ հենց իրենց պարգևատրեն Գեորգի Բոոսն ու Արթուր Բաղդասարյանը: Այդպես գրվում է բարեկամության ու համագործակցության պատմությունը: Հանդիպումները, քննարկումները, պայմանավորվածությունները ինչ-որ արդյունքներ կտան, գուցե իսկապես մոտ ապագայում հայ ոսկերիչներն իրենց զարդերում ընդելուզեն ոչ միայն չինական սև մարգարիտներ, այլև բալթիական ոսկեգույն սաթ, հայ կահույքագործներն էլ փոխադարձ ինչ-որ շահ գտնեն, բժիշկների, գիտնականների մասին չեմ ասում, գյուղատնտեսական արտադրանքն էլ հնարավոր է Կալինինգրադ հասցնել... Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց պետք է դրա անհրաժեշտության գիտակցությունը:
Գեորգի Բոոսի երակների 25 տոկոս հայկական արյունը նրան կարող է անվերջ վերադարձնել Հայաստան, բայց չի կարող սիրելի դարձնել հայերին, եթե այդ սերը չի բխում իսկապես պարզ մարդկային կապերից ու փոխադարձ շփումների մեջ միմյանց համար կարևոր ինչ-որ բան գտնելու ցանկությունից: Այնպես որ, ճանապարհը դեպի Եվրոպա հայերիս համար էլ կարող է սկսվել շատ եվրոպական ու շատ ռուսական մի փոքրիկ, հին ու սքանչելի ճարտարապետությամբ քաղաքից` Քյոնիգսբերգից, որտեղ ապրել են Իմանուիլ Կանտը, Թեոդոր Հոֆմանը, Լեոնարդ Էյլերը, Ֆրիդրիխ Բեսելը, երկրամաս, որի տարածքում 1410-ին տեղի է ունեցել Գրյունվալդի ճակատամարտը, 1757 թ.` Գրոս Եգերսդորֆի ճակատամարտը, 1807 թ.` Պրեյսիշ Էյլաուի, քաղաք, որը 1946 թվականից դարձել է Կալինինգրադ, բարեբախտաբար, պահպանելով իր եվրոպական արժեքները, դրանց հավելելով սլավոնական երանգներ: Այստեղ են Եվրոպայի ամենաբարձր ավազաբլուրները, սքանչելի Բալթիկ ծովը, որտեղ ամենամեծ խնդիրը խեղդվելն է, բնության ու մարդկային հաղորդակցության տասնյակ այլ հրաշալիքներ, որ զբոսաշրջության դրախտ են խոստանում:
Հուսանք, որ հունիսյան համաժողովը չի լինի սոսկ բարեկամների հանդիպման հիշողությունների հանգրվան, այլ կդառնա այն մեկնակետը, որտեղից բարեկամությունը փոխարկվում է համագործակցության: Գործուն, փոխշահավետ ու երկարատև:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1780

Մեկնաբանություններ